ՀԿՊԳ մրցանակաբաշխություն
Հայաստանի կինոգործիչների պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխություն
Կայացավ Հայաստանի կինոգործիչների պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Մեդալի հակառակ կողմը» լիամետրաժ ֆիլմը արժանացավ 4 մրցանակի՝ ևս մեկ անգամ հաստատելով իր բարձր գեղարվեստական արժեքը, գաղափարական ամբողջականությունը և ստեղծագործական թիմի պրոֆեսիոնալ ու հետևողական մոտեցումը։
Մրցանակաբաշխության շրջանակում ֆիլմի օպերատոր Սուրեն Թադևոսյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատոր» անվանակարգում՝ աչքի ընկնելով իր կինեմատոգրաֆիական մտածողությամբ։
Հասմիկ Ղազարյանը արժանացավ «Լավագույն գրիմի վարպետ» մրցանակին։ Նրա ստեղծած կերպարային լուծումները նպաստել են հերոսների ներաշխարհի բացահայտմանը և պատմության զգացմունքային ամբողջականությանը։
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Աննա Մաքսիմը պարգևատրվեց միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենարիստ», արժանանալով մասնագիտական համայնքի բարձր գնահատականին իր հեղինակային մտածողության և մարդկային պատմությունների խորն ու ազնիվ ներկայացման համար։
Նրա ռեժիսորական տեսլականն ու սցենարային կառուցվածքը հնարավորություն են տվել ստեղծել հուզականորեն ազդեցիկ և թեմատիկ առումով կարևոր կինոաշխատանք, որն արձագանք է գտել ինչպես մասնագետների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում։
Շնորհակալություն Պրոֆեսիոնալ գիլդիաների անդամներին բարձր գնահատանքի համար և մեր ողջ թիմին, ովքեր կանգնած են մեդալի հակառակ կողմում: